.jpg)
Հեշտացվել է ԵՄ մուտք ու ելքը
«Այս համաձայնագիրը սպասված էր թե' մեր, թե' ԵՄ կողմից: Վիզաների դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի կնքումը ազդարարում է մեր շփումների սկիզբը: Այս 2 պայմանգրերը առանձին են, բայց և միասին նպաստում են մեր միջև կանոնակարգված հարաբերությունների խորացմանը»,- ասում է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը:
Այսօր մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի նախարարության և ԵՄ միջև վիզաների դյուրացման պայմանագրի և ռեադմիսիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները: Դրանք նպատակ ունեն հզորացնել միգրացիայի կառավարման ունակությունը և տեղեկացնել, ինտեգրել ու պաշտպանել միգրանտներին և հայրենադարձներին, ինչպես նաև` հզորացնել Հայաստանում անկանոն միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի վերահսկման կարողությունը:
«Երկու կողմերն էլ հակված են այս պայմանագրի կնքմանը, դեռ ընթացքում է ՀՀ և ԵՄ միջև ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացը: Մեր նպատակն է կնքել մարդկանց շահերից բխող համաձայնագիր, որում ներառված դրույթները պետք է իրականացման տեսանկյունից ևս ապահոված լինեն»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Փոխնախարարի հավաստմամբ` մեր երկիրն արդեն ունի ԵՄ հետ աշխատանքի նման փորձ, պետական մակարդակով կնքվել է 12 երկկողմ պայմանագիր:
«Փորձելու ենք հասարակության հնարավորինս լայն շրջանակ ներառել պայմանագրում: Թե որ շերտերը կընդգրկվեն, կախված է բանակցություների ընթացքից: Սակայն համոզված եմ, որ համաձայնություն կկնքվի»,- ասաց Զ. Մնացականյանը:
Պատվիրակության ղեկավարի կարծիքով, ընտրություները միշտ էլ ստուգող գործառույթ են իրականացնում, բայց պետք չէ կապել համաձայնագրի կնքումը դրա հետ: Սակայն փոխնախարարը կարևորեց այստեղ նաև քաղաքական գործոնը: «Այս պայմանագիրը, անշուշտ, ունի նաև քաղաքական մեծ կշիռ: ԵՄ հետ մեր բանակցություները տարվում են բոլոր մակարդակներում, իսկ երբ հեշտացվում են գործարարների աշխատանքը, հարաբերությունները դառնում են ավելի համապարփակ»,- ասաց Զ. Մնացականյանը:
Նշենք, որ նման պայմանագրային ռեժիմ արդեն գործում է Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Մոլդովայում և մի շարք այլ երկրներում: