«Գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել»
27/02/2012 14:07

«Գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել»

ՀՅԴ-ն հաստատակամ է իր դիրքորոշման մեջ, որի մասին հայտարարել էր դեռևս մեկ տարի առաջ. ջանքեր գործադրել՝ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Դրան հասնելու միջոցներից մեկն էլ, ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, կամավորների հավաքագրումն է, ինչի մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:

«Ընտրությունների կայացումն ավելի կարևոր խնդիր է, քան մեր սեփական քվեների ապահովումը: Իսկ դրա միակ ճանապարհը շուրջ 2000 կամավորների հավաքագրումը կլինի, ովքեր կլինեն անվախ, օրենքին գիտակ, չեն կաշառվի և համագործակցելով քաղաքական ուժերի հետ՝ կերաշխավորեն արդար ընտրությունները։ Այս կամավորների խումբը պետք է պարտադրի իշխանություններին` անցկացնելու ազատ ընտրություններ: Պարտադրել ոչ թե ֆիզիկական ուժ գործադրելու իմաստով, այլ՝ երաշխավորելու»,- ծրագիրը ներկայացրեց Հ. Մարգարյանը, նշելով նաև, որ ընտրությունների ընթացքում կեղծիքներն իրականացվում են երկու ուղղությամբ՝ ընտրատեղամասերում և ընտրատեղամասերից դուրս, ուստի պետք է աշխատել նշյալ երկու ուղղություններով էլ։

«Գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել»,- ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը, հույս հայտնելով նաև, որ նման նախաձեռնությամբ հանդես կգան այլ քաղաքական ուժեր ևս:
 

«Գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել»