.jpg)
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Այսօր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի խումբ օրինագծեր:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ 14-18 տարեկան անչափահաս դատապարտյալներն առանձին պահվեն չափահաս դատապարտյալներից, ինչը կբացառի վերջիններիս վտանգավոր ազդեցությունն անչափահաս դատապարտյալների վրա:
Ըստ հեղինակի` նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի հանցագործություն կատարած անչափահասներին պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո` անչափահասներից անջատ): Մինչև նշանակված պատժի ավարտը չի ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների կատարումը միևնույն հիմնարկում, ինչն առավել արդյունավետ կլինի:
Սրանից բացի` քրեակատարողական հիմնարկի պետը դատարանի որոշման հիման վրա հնարավորություն կունենա սահմանափակելու դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը, որը, ըստ նախարարի` կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության և ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաև` այլ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը:
Հանձնաժողովի անդամները որոշ մտահոգություններ ունեին` կապված դատապարտյալների նամակագրության սահմանափակումների հետ: Համաձայնություն է կայացվել հետագա քննարկումների ընթացքում օրինագիծը լրամշակել և դարձնել երկուստեք ընդունելի:
Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Առաջին ընթերցմամբ, ըստ աղբյուրի, քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը և դրական եզրակացություն է ստացել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու համար: Երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները ևս նախատեսվում է իրականացնել այս քառօրյա նիստերի ընթացքում:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ևս ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նույն աղբյուրի փոխացմամբ, մինչև 15 օրով հետաձգվել է ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: