Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է մի խումբ ուսանողների
27/02/2012 18:41

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է մի խումբ ուսանողների

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային Ժողովում հյուրընկալել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 20-ից ավելի ուսանողների: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ-ում քաղաքական ընդդիմության դերի, առաքելության և ներկայացուցչության կարևորությունը: Խոսվեց նորանկախ ՀՀ-ի անցած քսանամյա ուղու, քաղաքական ու քաղաքացիական օրակարգերում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման մասին:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հովհաննիսյանը պատասխանել է երիտասարդներին հուզող տարբեր հարցերին, որոնք առնչվում էին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը, Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև ԵԺԿ-ին «Ժառանգություն» կուսակցության անդամակցությանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում ՀՀ ընտրական գործընթացների և ընտրական համակարգում ձևավորված արատավոր երևույթների, ինչպեսև քաղաքական ու քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտության մասին: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, ինչը հնարավորություն կընձեռի էապես մեծացնել քաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության աստիճանը:
 

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է մի խումբ ուսանողների