.jpg)
ԵՄ-ն ընդլայնել է պատժամիջոցները Սիրիայի դեմ
Փետրվարի 27-ին ԵՄ 27 երկրների արտգործնախարարներ հայտարարել են Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման մասին: Այս մասին հաղորդում է «France Press» գործակալությունը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական հայտարարությունը:
«Ձեռնարկվել են սահմանափակող միջոցներ»,- նշվում է հայտարարության մեջ: Պատժամիջոցներ, մասնավորապես, ուղղված են Սիրիայի Կենտրոնական բանկի և սիրիական ավիաընկերությունների դեմ:
Պատժամիջոցները ներառում են Կենտրոնական բանկի հաշիվների սառեցում, արգելվում է Սիրիա թանկարժեք մետաղների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև` սիրիական բեռնատար ինքնաթիռների թռիչքը Եվրոպա: Նաև ներկայացվել են անհատական պատժամիջոցներ սիրիական պետական կառավարման մարմինների 7 ներկայացուցիչների նկատմամբ:
Հունվարի վերջում ԵՄ երկրների արտգործնախարարները հաստատել էին Սիրիայի դեմ պատժամիջոցների թվով 11-րդ փաթեթը: Այն նախատեսում է, այսպես կոչված, «սահմանափակող միջոցների» կիրառում սիրիական իրավաբանական 8 և ֆիզիկական 22 անձանց նկատմամբ: Եվրոպական բանկերում նրանց հաշիվները սառեցվել են, իսկ ֆիզիկական անձանց արգելվել է մուտք գործել ԵՄ տարածք:
Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թ-ի մարտի կեսերից չեն դադարում հակակառավարական ցույցերը: Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի մասին` ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` զոհերի ընդհանուր թիվն անցել է 5000-ը,իսկ իրավապաշտպանները հաղորդում են ավելի քան 7500 զոհի մասին: Սիրիական իշխանությունները հայտնում են, որ զինված ընդդիմադիրների հետ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 2000 զինծառայող և ոստիկան: