.jpg)
Համատեղ հայտարարություն` ՀՀ քաղաքական ուժերի երիտթևերի կողմից
Փետրվարի 24-26-ը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպվել է խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվել են երիտասարդության ներգրավվածությունը և կշիռը քաղաքական գործընթացներում:
Խորհրդաժողովի արդյունքում մասնակից խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թևերի և երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նմանատիպ քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմանը և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Մենք` ներքոստորոգրյալներս, անհրաժեշտ ենք համարում`
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորում,
Համատեղ ջանքերի մեկտեղում երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձևավորման գործում,
Արդար ընտրությունների անցկացման և ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ և գործնական քայլերի ձեռնարկում,
Քաղաքական հայացքների հետևանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում,
Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում»,- ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթի տակ ստորագրել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսմիությունը, ՀՅԴ երիտմիությունը, «Հայազն» միության երիտկառույցը, ՀԺԿ երիտխորհուրդը, «Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միության» երիտթևը, ՀՀԿ երիտկազմակերպությունը, ՀՌԱԿ «Արմենակ Եկարյանի» ակումբը, ԲՀԿ երիտմիությունը, «Ժառանգության» երիտթևը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպությունը, «Հիմա» նախաձեռնությունը, ՀՀՇ երիտմիությունը. ՕԵԿ երիտմիությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտմիությունը, «Ժողովրդի Իշխանություն» հասարական-քաղաքական նախաձեռնության երիտթևը: