03/03/2012 10:49
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 20 տարեկան է
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:
Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ` նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման և այլ ոլորտներում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ և մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ` այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»: