.jpg)
Հայ շախմատիստուհիները հաջող մեկնարկեցին
Թուրքական Գազիանթեփում մեկնարկած Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի շախմատիստուհիները բավական հաջող հանդես եկան: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան համապատասխանաբար առավելության հասան Դրլժևիչի, Սանդուի, Քայայի և Բոզքուրդի նկատմամբ: Ընդ որում՝ վերջին երկու շախմատիստուհիները ներկայացնում էին Թուրքիան:
Հաշվետու տուրում պարտություն կրեց միայն Աննա Հայրապետյանը՝ զիջելով վրացուհի Նինո Խուրցիձեին:
Ռուսաստանի ներկայացուցիչ Նելլի Ալեքսանյանը հաղթեց Բաիրա Կովանովային, իսկ Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Էլմիրա Սկրիպչենկոն միավորը կիսեց Ռակիչի հետ:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում վիճակահանության քմահաճույքով կմրցեն Լիլիթ Գալոյանն ու Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը կխաղա Ելենա Սեդինայի (Իտալիա), Մարիա Կուրսովան՝ Իննա Գապոնենկոյի (Ուկրաինա), Աննա Հայրապետյանը՝ Օլենա Մարտինկովայի (Ուկրաինա), Նելլի Ալեքսանյանը (Ռուսաստան)՝ Սալոմե Մելիայի (Վրաստան), Էլմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա)՝ Թուրքան Մամեդյարովայի (Ադրբեջան) հետ: