.jpg)
Հայաստանին տրամադրվելու է 157 մլն եվրո
Օրերս Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանի հետ «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» շուրջ բանակցությունների մեկնարկին: Խնդրի վերաբերյալ Aysor.am-ին պարզաբանումներ տվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» շուրջ բանակցությունների համար նախապայմաններ կային: Դրանցից էր սննդի վերահսկողական կառույցի վերագործարկումը, որովհետև տարբեր նախարարություններում սննդի անվտանգությանն ուղղված տարբեր ֆունկցիաներ կային, որոնց մի մասն իրականացնում էր առողջապահության նախարարությունը, մի մասը` էկոնոմիկայի, մի մասը` գյուղնախարարությունը, որոշները` սննդի տեսչությունը և այլն. «Խնդիր կար բոլորը կոնսոլիդացնել, հիմնել կենսունակ, գործող կառույց, հզորացնել կառույցը: Այսօր արդեն գործում է Սննդի անվտանգության պետական ծառայությունը»,- ասաց Մելիքյանը:
Բացի սննդի որակին ուղղված նվազագույն չափանիշներից` պետք է նաև Հայաստանում ներդրվեն արտադրությանը բավարարող որոշակի չափանիշներ, համապատասխան լաբորատորիաներ, որոնք պետք է ստուգեն ներկայացվող ապրանքի որակը և տրամադրեն համապատասխան փաստաթղթեր:
«Այդ լաբորատորիաները նույնպես պետք է լինեն վերազինված, բավարարեն որոշակի չափանիշների, որպեսզի դրանց տված փաստաթղթերը ճանաչելի լինեն նաև Եվրոպական միությունում»,- ընդգծեց փոխնախարարը և հավելեց, որ այդ մասով ևս աշխատանքներ են տարվում:
Նշենք, որ ԵՄ-ն վերջին խոշոր ազատ առևտրի համաձայնագիրը կնքել է Հարավային Կորեայի հետ, բանակցում են Ուկրաինայի հետ. բանակցությունները ավարտական փուլին են հասել, բայց համաձայնագիր չի ստորագրվել, Հայաստանի հետ հավասարապես սկսվել են բանակցություններ Մոլդովայի և Վրաստանի հետ:
Հայաստանին ԵՄ-ի հետ «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» բանակցությունների ընթացքում ֆինանսական հոսքեր կտարամադրվեն` 2011 - 2013 տեխնիկական աջակցության ընդհանուր փաթեթը 157 մլն եվրո, որի մեջ ընդգրկված է և բյուջետային, և տեխնիկական աջակցություն. Գումարները տրվում է անվերադարձ:
Փոխնախարարը փոխանցեց, որ Հայաստանը կարող է արտահանել գյուղապրանքներ և վերամշակված սնունդ, պահածոներ, կաթնամթերք, պանիր, կարագ, որի համար նույնպես պահանջվում է ունենալ համապատասխան նորմատիվ դաշտ, կարողություններ, սարքավորումներ, լաբորատորիաներ, սերտիֆիկատներ:
Այս գործընթացներում, ըստ փոխնախարարի, ամենակարևորը գյուղատնտեսական համակարգի համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին, որը ակնկալում է կանոնակարգումներ. «Ունենալ նման խորքային լուրջ փաթեթ ԵՄ-ի հետ` նշանակում է` գործարարության տեսանկյունից լինել հարմար երկիր»:
ԵՄ-ի հետ բանակցությունների հստակ ընթացք նախանշված չէ, ենթադրվում է երկուսից չորս տարի ժամանակահատված:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» շուրջ բանակցելու են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և ՀՀ էկոնոմիկայի նախարարը` որպես պրոցեսի ընդհանուր համակարգող, և ԵՄ-ի կողմից Առևտրի գլխավոր տնօրինությունը: