Հովհաննես Գրիգորյան. Եկեք պայքարենք միայն վատի դեմ
03/03/2012 16:26

Հովհաննես Գրիգորյան. Եկեք պայքարենք միայն վատի դեմ

«Գրողը մասնագիտություն է, կոչում, տաղանդ, մասնագիտացում, եթե այս բոլորից մեկն էլ չլինի, դու գրող համարվել չես կարող: Գրողը համակ սեր է»,- ասում է Գրականության և հրապարակախոսության ոլորտում 2011 թվականի պետական մրցանակի դափնեկիր, գրող, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանը: Գրողների միջազգային օրը նա անցկացնելու է հիվանդանոցում` իր նոր վիպակի վրա աշխատելով: Խոստովանում է` հիվանդությունը իրեն ապրելու նոր ուժեր տվեց:

«Այսօր սովորական աշխատանքային օր է, ինչպես մնացած բոլոր այս օրերը: Ես այսօր աշխատելու եմ իմ վիպակի վրա, որը կոչվում է «Գերեզմանիա»: Այն իմ մանկության քաղաքում տեսած դեպքերին է վերաբերում, երբ երկրաշարժից հետո մարդիկ օգնություն էին ստանում, ու կենդանի մարդկանց թողած` կառուցում հսկա գերեզմաններ»,- պատմում է Հ. Գրիգորյանը: Նրա գրական կերպարներն էլ կենդանի մարդիկ են, գլխավոր ուղերձը` «Երբեք չմեռնես»-ը:

«Մարդը ինքը կերպար է: Ես երկու ամիս ապրեցի Իսրայելում, և շատ բան տեսա, մենք շատ հարցերով ենք նման իրար, ու հիանալի է, որ մարդիկ այսօր կարողանում են իրար հետ շփվել, նախկին տարիների հեռավորության ճամփան հիմա կտրում ենք 2 ժամում: Գլոբալացումը և' վատ է, և' լավ: Եկեք պայքարենք միայն վատի դեմ»,- ասում է նա:

Խոստովանում է, ժամանակակից հայ գրողի հիմնական խնդիրը հենց այդ անառողջ մթնոլորտն է: «Շատ երիտասարդ տաղանդավոր գրողներ կան, օրինակ Արամ Պաչյանը, երիտասարդ արձակագիր է, բայց շատ հասուն մտքեր ունի: Բայց շատ են նաև րոպեական հռչակի հետևից վազող գրողները, ովքեր գրում են հեշտ ու հեշտ վաճառվող թեմաներով: Բայց նրանց հռչակն էլ է շատ հեշտ անցնում: Կա նաև գրաքննադատների պակաս: Շատ հայ գրաքննադատներ, իրականում, նախկինում չհաջողված գրողներ են, ովքեր չեն գնահատում այդ լավը»,- ասում է նա:

Գրողի համար ամենաուրախալին այն է, որ փոխվել է վերաբերմունքը գրողի նկատմամբ: «Առաջ գրողին մրցանակ տալիս էին ուղղակի, հիմա` հանդիսավոր, առաջ գրողի տան համար մի կոպեկ էլ չէին ծախսի: Փոխվել է հատկապես երիտասարդների վերաբերմունքը գրականության նկատմամբ: Իհարկե, կան նաև անտարբեր մարդիկ, ընթերցողներ, բայց գրողը միշտ պետք է ներողամիտ լինի»,- ասում է նա: 

Հովհաննես Գրիգորյան. Եկեք պայքարենք միայն վատի դեմ