.jpg)
«Այս այգին մերն է». Ակտիվիստները էկոֆորում են կազմակերպել
Այսօր Մաշտոցի պուրակում ակտիվիստները ֆորում էին հրավիրել: Այն սկսվեց թմբուկների շամանական ռիթմերի ներքո: Ակտիվիստները այգում փակցրել էին Սևանի, Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի նկարները` այժմ և նախկինում:
«Ֆորումի նպատակն է մարդկանց ուշադրությունը գրավել ոչ միայն Մաշտոցի պուրակի կրպակների, այլև Հայաստանում առկա հանքավայրերի անխնա շահագործման և դրանց հանդեպ անտարբեր վերաբերմունքի խնդիրներին, լսել նրանց կարծիքը, ինչպես նաև ներգարվել նոր անդամների»,- ասում է ֆորումի կազմակերպիչներից Հասմիկը, ով այգու համար պայքարում է շարժման ամենասկզբից:
Նրա հավաստմամբ` հասարակության հետաքրքրությունը գնալով մեծանում է, և ավելի շատ մարդիկ են գալիս այգի:
Ակտիվիստները նաև ելույթներ էին պատրաստել, որով կոչ էին անում թույլ չտալ իշխանություններին տնօրինել հանրային տարածքը ըստ իրենց ցանկության: «Ես հաղթանակ եմ համարում այն, որ նաև իմ ընկերների ջանքերով փրկվեց Թռչկանի ջրվեժը: Եթե կրպակները կան, ուրեմն մենք արժանի ենք դրան, այս շարժման մասնակիցների թիվը աճում է, որովհետև այս այգին մերն է»,- ասաց նա:
Ֆորումը կշարունակվի այգում հավաքված երիտասարդների հետ Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ քննարկումով: