.jpg)
Բժիշկ. Գտնվում էինք ճիշտ ժամանակին` համապատասխան տեղում
Այսօր Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին: Գիտաժողովի բացման ժամանակ պարգևներ ստացան բժիշկներ, բուժաշխատողներ: Պարգևատրվեց նաև Երևանի բժշկական կենտրոնի տնօրեն, Արցախյան ազատամարտի տարիներին Ֆիզուլիի ռազմադաշտային հոսպիտալի պետ Տարոն Տոնոյանը:
«Ամեն ինչ ինքնաբուխ սկսվեց, նախնիների կանչով մեկնեցինք, բայց ժամանակը թելադրեց` իրավիճակը փոխվեց, կարճ ժամանակ հետո զենքի փոխարեն վերցրեցինք վիրաբույժի դանակ»,- հիշելով պատերազմական տարիները` ասաց բժիշկ-զինվոր Տարոն Տոնոյանը:
«Ռազմական հոսպիտալներ ասվածը ազատագրված տարածքներում լքված մեծ տներին էին, կամ ուղղակի մեծ վրաններ, որտեղ կարողանում էինք մեր առջև դրված նպատակն իրականացնել` վիրահատում էինք այդ պայմաններում` առանց լույսի, կամ էլ «դվիժոկների» լույսի տակ: Մեզ բոլորիս համար ամենադժվարին, սակայն ամենաերջանիկ տարիներին էին, մենք գտնվում էինք ճիշտ ժամանակին` համապատասխան տեղում»,- պատմեց նա:
Նշենք, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում և արցախյան ազատամարտի տարիներին շուրջ 11 հազար ազատամարտիկներ ենթարկվել են տարբեր աստիճանի բարդության վիրահատությունների։ Նրանցից մոտ 8.900-ը կրկին ռազմի դաշտ է վերադարձել։ Առավել ծանր վնասվածքներով վիրավորները տեղափոխվում էին Նոր Նորքի «Շտապ օգնության» հիվանդանոց (այժմ` «Սբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ), «Էրեբունի» բժշկական կենտրոն, Հանրապետական հիվանդանոց, Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։