Գրողը մարդ է, համակ սեր, լավ ընթերցող և մտավորական
03/03/2012 16:42

Գրողը մարդ է, համակ սեր, լավ ընթերցող և մտավորական

Այսօր գրողների միջազգային օրն է: Իսկ ո՞վ է գրողը և ի՞նչ խնդիրներ ունի նա մեր երկրում: Հատկապես, որ օրեցօր ավելանում են մարդիկ, ովքեր գրքեր են գրում և իրենց գրող անվանում: Փորձեցինք հարցերի պատասխանը ստանալ ժամանակակից հայ գրողներից:

Մանե Գրիգորյան

«Ստեղծագործող մարդը գրող մարդն է: Ինձ թվում է` հիերարխիկ տարբերությունններ, բաժանումներ ստեղծագործողի և գրողի միջև չպետք է դնել: Քանի որ բավական է ստեղծագործող մարդը այդ բաժանումներին տուրք տա, և իր գրականությունից մի բան կպակասի…ու, առհասարակ, շատ դժվար է քո արած գործը ինչ-որ սահմանի և ինչ-որ անվան մեջ տեղավորելը: Թվում է` բառերը կոչումի պես մի բան են դառնում, ստեղծագործող մարդ` մի աստղ, գրող մարդ` ասենք` երկու աստղ: Մինչդեռ հենց այդ գագաթներ դնելն ու դրան հասնելու միտումը անհանգիստ ցեցի պես բզկտում է ներսդ: Գրող մարդը, ստեղծագործող մարդը պետք է լավ ընթերցող լինի, ունենա բառի, ռիթմի զգացողություն…եթե այս ամենը կա, նշանակում է Գրականության մարդ ես»:

Մանեի համար այսօր ամենակարևոր խնդիրն այն է,որ գրողը իր գրականությամբ չի կարող փող աշխատել: «Ե'վ որպես գիրք սպառող, և' որպես գիրք ձեռք բերող, կրկնակի դժվարության առջև եմ կանգնած, քանի որ եթե չեմ կարող իմ գրականությամբ փող աշխատել, հետևաբար չեմ կարող նաև գիրք գնել: Չեմ ցանկանում իմ ուզած ընթերցողի սակավության մասին խոսել, քանի որ միշտ էլ որակը ավելի եմ գնահատել, քան քանակը: Շատ տխուր է, որ այսօր այնպիսի մշակութային քաղաքականություն չի կիրառվում, որը մարդուն մոտեցնի գրքին: Փոխարենը` ամեն ինչ արվում է մարդու և գրքի միջև հեռավորությունը անհաղթահարելի դարձնելու համար»:

Հովհաննես Գրիգորյան

«Գրողը մասնագիտություն է, կոչում, տաղանդ, մասնագիտացում, եթե այս բոլորից մեկն էլ չլինի, դու գրող համարվել չես կարող: Գրողը համակ սեր է»:

Հուսիկ Արա

«Գրողը սովորական մարդ է, ով ստեղծագործում է: Բայց ի տարբերություն մյուսների` նա պարտավոր է արձագանքել ժամանակի խնդիրներին և իր ձայնը բարձրացնել այդ թեմաների վերաբերյալ: Նա պետք է մասնակցի հասարակական, քաղաքական կյանքին, հատկապես այն երկրներում, որտեղ կա տագնապալի վիճակ: Բայց մեր երկրում գրողին խոսափող չեն տալիս»:

 

Գրողը մարդ է, համակ սեր, լավ ընթերցող և մտավորական