Մեկնարկել է հանրապետական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը
29/03/2012 19:49

Մեկնարկել է հանրապետական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը

Մարտի 28-ից ապրիլի 7-ը Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Երևանում կանցկացվի շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի երրորդ` կիսաեզրափակիչ փուլը:

Արդեն 5 տարի շարունակ ՀԲԸՄ-ն աջակցում է այս մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն:

Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադան մեկնարկել է 2011 թ. աշնանը: Մրցաշարին մասնակցում են դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից:

Օլիմպիադայի երկրորդ փուլի հաղթողները ՀԲԸՄ-ի կողմից արժանացան շախմատի ցուցադրական տախտակների: Կիսաեզրափակչի հաղթող թիմերի բոլոր անդամները ՀԲԸՄ-ի կողմից կպարգևատրվեն նեթբուք համակարգիչներով:

Մրցաշարի նպատակն է նպաստել մարզաձևի զարգացմանը դպրոցականների շրջանում, ի հայտ բերել շնորհալի մարզիկների, ովքեր ապագայում կարող են դառնալ չեմպիոններ` շարունակելով պահպանել Հայաստանի առաջատար դերը շախմատի համաշխարհային մրցույթներում:

Երևանյան կիսաեզրափակչին ներկա կլինեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ ու հյուրեր:

Օլիմպիադայի անցկացմանը մեծապես աջակցում է ՀԲԸՄ-ն, որն արդեն իսկ ավելի քան 4000 շախմատի խաղատախտակ ու 150 շախմատային ժամացույց է բաժանել հանրապետության դպրոցներին:

Շախմատի հանրապետական համադպրոցական 6-րդ օլիմպիադայի եզրափակիչը տեղի կունենա առաջիկա մայիսին: Մրցաշարի հաղթողները, ինչպես նաև նրանց մարզիչները, ՀԲԸՄ հովանավորության շնորհիվ կարժանանան մրցանակների:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն արդեն հինգ տարի անընդմեջ համագործակցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ` հովանավորելով հանրապետական համադպրոցական ամենամյա մրցաշարը: 2010 թ. ՀԲԸՄ-ն աջակցեց նաև շախմատի երիտասարդական համահայկական առաջին օլիմպիադայի անցկացմանը, որը տեղի ունեցավ Երևանում, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում, և որին մասնակցեցին շուրջ քառասուն բարձր վարկանշային կարգ ունեցող հայ շախմատիստներ Սփյուռքից, Հայաստանից ու Արցախից: Այս մասին հայտնում են ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունից:

Մեկնարկել է հանրապետական օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլը