Տեղի է ունեցել ԿԸՀ-ի հերթական նիստը
29/03/2012 19:08

Տեղի է ունեցել ԿԸՀ-ի հերթական նիստը

Այսօր գումարած հերթական նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ՝ վերոնշյալ անձանց ուղարկելու նպատակով` էլեկտրոնային եղանակով նրանց ընտրական իրավունքն ապահովելու համար:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան երիտասարարդական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, քանի որ վերոնշյալ կազմակերպության կանոնադրության ուսումնասիրության հետևանքով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզել է` կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել Է նաև «Ազատականություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման դիմումը. կազմակերպության դիմումին կից ներկայացված է եղել այլ` «Ընտրություններ և ժողովրդավարություն» անվանմամբ հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը:

Հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է նաև Ռուբեն Թորոսյանի թիվ Ը-046, Ը-047, Ը-048 և Հակոբ Հակոբյանի դիմումները:

Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ի մամլո ծառայությունից:

 

Տեղի է ունեցել ԿԸՀ-ի հերթական նիստը