Մ.Մինասյան. Պետք է հավատարիմ մնալ գլխավոր հատակագծին
29/03/2012 14:04

Մ.Մինասյան. Պետք է հավատարիմ մնալ գլխավոր հատակագծին

«Նոյան տապան» կառուցելու գաղափարը լավ է, բայց պետք է գտնել ճիշտ տեղ ու իրականացման ֆորմատ: Սա Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանի տեսակետն էր:

Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ, գիտնականներ հանդես են եկել առաջարկով` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում` Արարատ լեռան դիմաց, կառուցել «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիր: Ճարտարապետական նախագիծը քննարկվել է Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում, որը տվել էր իր համաձայնությունը կառուցման վայրի ու գաղափարի հարցում: Քննարկվել է նաև քաղաքաշինության խորհրդում, որտեղ կառուցման վայրի հարցում համաձայնության չեն եկել:

«Թեև այդ տարածքը ծառազուրկ է, բայց ցանկացած լանջ կարելի է ծառապատել: Սակայն նման մեծ շինության կառուցումը լանջին` կախված կլինի քաղաքի գլխին: Պետք է կառուցել այնպիսի տեղում, որ և' մատչելի լինի, և' միաժամանակ այդ մարզը դրանից դիվիդենտներ ստանա: Մարզերը գտնվում են վատ վիճակում: Ասում ենք, որ քաղաքը պետք է թեթևացնենք, ու միաժամանակ մենք մեր սկզբունքներին դեմ ենք հանդես գալիս»,- ասաց ճարտարապետը: Նշենք, որ «Նոյան տապանն» ունենալու է 132 մ երկարություն, 22 մ լայնություն, 13 մ բարձրություն:

Ասուլիսին մասնակից հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ ընդհանրապես զբոսայգիներում ոչ մի շինություն չպետք է կառուցվի, այլ հարկավոր է բարեկարգել զբոսայգիները` ծառ ու խոտ աճեցնել:

«Մեր Երևանի համար փրկություն կլինի կանաչ տարածքները, որը կապահովի մաքուր օդ, բնակիչները փողոցում սթրեսային վիճակում լինելուց հետո կկարողանան հանգստանալ»,- ասաց նա:

Հրապարակախոսի համոզմամբ` մեր քաղաքի զարգացման հիմքում սխալ գաղափարախոսություն է դրված: «Պետք է հավատարիմ մնալ գլխավոր հատակագծին»,- միջամտեց ճարատարապետը:
 

Մ.Մինասյան. Պետք է հավատարիմ մնալ գլխավոր հատակագծին