.jpg)
Ազատականացվում է սերմերի շուկան
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը միտված է սերմերի շուկայի ազատականացմանը։ Օրենքի նախագիծն ընդունելու դեպքում տնտեսվարողները կարող են առանց սահմանափակման ՀՀ տարածք ներմուծել բույսերի ցանկացած սորտի սերմացու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս որոշմամբ էապես պարզեցվում է Հայաստան սերմերի ներկրման խնդիրը, ինչը մեծ օգնություն է այս ոլորտով մասնագիտորեն զբաղվողների համար։
Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունումը, հեղինակների կարծիքով, թելադրված է անձի նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը սահմանափակող ապացույցներ ներկայացնելու կարգը ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկություններ, որոնք ընդունվելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծի ընդունումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Սյունիքի մարզի Քաջարանի գյուղական համայնքի հողերի մի մասը` փոքր հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգույցի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված ոչ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, մասնավորապես, նախարարի տեղակալները, համաձայն գործող օրենսդրության, պետք է ս.թ. ապրիլի 1-ից արձակուրդ ձևակերպեն, որպեսզի իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում, կամ էլ թե չէ դուրս գան նախընտրական ցուցակներից։