.jpg)
Այնթապ համայնքը նոր մանկապարտեզ կունենա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզ այցի շրջանակներում այցելեց Այնթապ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկեց մանկապարտեզը հնարավորինս շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները:
Այժմ համայնքի շուրջ 250 երեխաների մեծ մասը համայնքապետարանի վարձած ավտոբուսներով հաճախում են հարևան համայնքի հաստատություններ:
Մանկապարտեզի կառուցման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 60 մլն դրամ, ևս 19 մլն դրամ հատկացվել է համայնքի բյուջեից:
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը Սուրենավանում էր: Սերժ Սարգսյանն այցելեց այստեղ գործող բնական քարերի վերամշակմամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերություն:
Լրագրողների հետ զրույցում ընկերության տնօրեն ու սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն ասաց, որ նախատեսվում է նոր արտադրամասը շահագործել մինչև մայիս: Նրա խոսքով, այն հնարավորություն կտա մինչև 2.5 մ լայնությամբ և 3 մ երկարությամբ բնական քարե սալիկներ արտադրել:
Գործարանի տարեկան արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 200 հազար քմ, ներկայումս այնտեղ աշխատում է շուրջ 132 մարդ: Նոր արտադրամասի շահագործման դեպքում աշխատակիցների թիվը կավելանա 80-ով: