.jpg)
Մաշտոցի պուրակում կմեկնարկի «ՏՆԿԻՆԵՐ` ԱՆՎՃԱՐ» ակցիան
Ապրիլի 14-ին Երևանի Մաշտոցի պուրակում ժամը 12:00-16:00 կանցկացվի «Տնկիներ անվճար» ակցիան: Այս ակցիա վերաբերյալ տարածվել է հետևյալ հաղորդագրությունը: «Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։ Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երևան քաղաքի Գլխավոր պողոտային հարող «Մաշտոցի» պուրակ, տնկիներ վերցնելու համար։ Ձեր կողմից ակնկալում ենք ընդամենը այն տեղեկեկությունը, թե ում հետ եք ցանկանում տնկել ծառը և ինչ անուն կուզեիք տալ ձեր տնկիին։ Բոլոր տնկիները, որպես բնապահպանական արվեստի գործեր կաճեն այն տեղերում, որոնք կընտրեք դուք ինքներդ։
Վերը նշված վայրում ձևավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից և աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաև ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու և դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։ Տնկիների բաշխման բնապահպանական, արվեստի հետ զուգորդված այս ընթացքը կնկարահանվի` հետաեգայում վիդեո ինստալացիայի ձևաչափով ցուցահանդեսում ներկայացվելու նպատակով։
Հանրային այս պերֆորմանսը դիտարկում է շրջակա միջավայրի փոփոխությունները և տրանսգենային բույսերի օգտագործումը առևտրային նպատակով։ Սննդի համար գործածվող բույսերի բազմաթիվ տեսակներ այլևս «բնօրինակներ» չեն, այլ բուծված են տրանսգենային սերմերից։ Արվեստի այս աշխատանքը հղում է խնդրի հասարակական, քաղաքական և առողջության հետ կապված հետևանքներին. խնդրի «ուժային» լուծումը տրվում է հօգուտ առևտրային շուկայի։
Աննա-Լեա Կոպպերին նպատակ ունի իրազեկել հանրությանը ժամանակակից բնապահպանական արվեստի բովանդակության և միջոցների մասին։ Նրա արվեստի գործերն ուղիղ կապի մեջ են բնապահպանության և մարդկային արժեքների հետ, նրանք ի զորու են ազդել հանդիսատեսի վրա, փոխել նրա մտածելակերպն ու գործողությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։