.jpg)
Կայացավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հանդիպումը
Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի համաձայն, այսօր հրավիրվել էին նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրեցին ընտրական ցուցակների կազմման, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խմբին մտահոգող կարևորագույն հարցերից էր մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները:
Փոխոստիկանապետը մանրամասն տեղեկացրել է ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառել է նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրել է, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում և հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում շատ քաղաքացիներ ունեն երկու անձնագիր և կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Նշվեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ավելի հրապարակային են դարձել ընտրական ցուցակները, որոնք տեղակայված են համացանցում, և յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի դրանք ստուգելու, առկա անճշտությունները շտկելու: Տեղեկացվեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով մինչ օրս ստացվել է 95 ահազանգ` կապված ընտրությունների ցուցակների անճշտությունների հետ: Բոլոր ահազանգերին տրվել են պարզաբանումներ:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է ներկայացնել կրկնակի անձնագիր ունենալու գեթ մեկ փաստ, ինչը նրանցից որևէ մեկը դժվարացավ մատնացույց անել: Խորհրդարանի ղեկավարն ու փոխոստիկանապետը կոչ արեցին թե ընտրացուցակների հետ կապված, թե անձնագրերի առնչությամբ հայտնաբերված ցանկացած փաստացի խախտման վերաբերյալ ահազանգել, աջակցել դրանց բացահայտմանն ու վերացմանը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց բոլոր մտահոգությունները: Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշել է, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչել են նաև արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ պարոն Օսիկյանը նշել է, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում ևս փոխոստիկանապետը կարևորել է քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանել է առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք: