Ընտրությունների ժամանակ ոստիկանության դերը թերագնահատել չի կարելի
13/04/2012 18:42

Ընտրությունների ժամանակ ոստիկանության դերը թերագնահատել չի կարելի

Այսօր Երևանում կլոր սեղան-հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունների ժամանակ ոստիկանության դերի և գործառույթների հարցերը, ներառյալ` համագործակցությունը ընտրական հանձնաժողովների, քաղաքական կուսակցությունների, դիտորդների հետ, ինչպես նաև կապը քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ:

Աշխատանքային քննարկման նպատակն էր պարզել տարբեր իրավապահ մարմինների դերը ընտրական գործընթացների բոլոր փուլերում և նրանց կապը ընտրական կառույցների հետ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում` քաղաքական կուսակցություններին, ընտրական մարմիններին, դիտորդներին, ԶԼՄ-ին, միջազգային կազմակեպություններին և լայն հասարակությանը:

«Առաջիկա ընտրությունների սահուն անցկացումն ապահովելու գործում ոստիկանության դերը չի կարելի թերագնահատել», - ասել է ՀՀ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և շարունակել, - «Այսօրվա քննարկման գլխավոր նպատակն է ներկայացնել ընտրությունների նախապատրաստման համար մինչև այժմ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումները և լսել մասնակիցների տեսակետներն ու առաջարկները»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հավելել է. «Ես ուրախ եմ տեսնել իրավապահ մարմինների շարունակական ջանքերը` լինել կանխատեսելի և թափանցիկ հանրության համար և տեղեկացնել հասարակությանը, թե ինչպես է ոստիկանությունը անդրադառնալու հանրության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներին: Այսօրվա միջոցառումը առաջինն է իր շարքում, և մենք խրախուսում ենք ներկա գտնվող ոստիկանության, ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այսօր հնչած զեկույցների և քննարկումների արդյունքները»:

«Թափանցիկությունը շատ կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն ունենալու համար»,- նշել է Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը: «Ոստիկանությունը կարևոր դեր ունի այս գործում, և մենք հույս ունենք, որ իրապես կապահովի թափանցիկություն և դրանով կհավաստիացնի ընտրողներին իրենց ընտրության կարևորության մասին»:

Մասնակիցները քննարկել են ոստիկանության` ընտրությունների հարցերով նորաստեղծ օպերատիվ շտաբի գործառույթները, ինչպես նաև ընտրացուցակներում հնարավոր անճշտությունների վերացման գործընթացին հասարակության ներգրավվածության, ընտրախախտումների մասին ոստիկանության հաղորդումների ներկայացման ընթացակարգերի և դրանց արագ արձագանքման ուղիների վերաբերյալ: Քննարկված թեմաներից էին նաև ընտրական հանձնաժողովների և ոստիկանության ստորաբաժանումների համագործակցությունը, լրատվամիջոցներին տեղեկատվության տրամադրումը, քվեարկության օրը ոստիկանության ուժերի ծառայության անցկացումը, պարեկապահակային ծառայության իրականացումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովումը:

Աշխատանքային քննարկումը Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: 

Ընտրությունների ժամանակ ոստիկանության դերը թերագնահատել չի կարելի