Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լատվիայի դեսպանին
13/04/2012 15:55

Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լատվիայի դեսպանին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 13-ին հանդիպեl 1 Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Հանդիպմանը ներկա էր նաև Լատվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` Աժ փոխնախագահը Հայաստանի ու Լատվիայի հարաբերությունները բնորոշել է որպես բարիդրացիական և նշել, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն քաղաքական, տնտեսական, կրթության ու մշակույթի ոլորտներում: Է. Շարմազանովը նկատել է, որ 21-րդ դարը պետք է դառնա նոր դարաշրջան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի հաստատումը, ինչպես նաև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը տարբեր ձևաչափերի միջազգային միջխորհրդարանական կառույցներում: Կողմերը նշել են, որ քաղաքական կուսակցությունների միջև շփումներն ակտիվացնելու նոր շրջանակ կարող է դառնալ նաև ԵԺԿ-ն, որին նոր է անդամակցել ՀՀԿ-ն: Լատվիայի դեսպանը հատկանշական է համարել, որ իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբն ամենամեծաթիվն է: Ըստ դեսպանի`սա վկայում է լատվիացիների բարեկամական վերաբերմունքն ու մեծ հետաքրքրությունը հնագույն մի երկրի նկատմամբ, որը հաճախ է դիմակայել դժվարություններին իր հոգևոր և քրիստոնեական արժեքներով:

ԱԺ փոխնախագահի խոսքերով` Հայաստանն ու Լատվիան ընդհանրություններ շատ ունեն` այդ թվում և անկախության համար պայքարում: Նա երկու երկրներին միավորող գործոն է համարել նաև եվրաինտեգրումը, և, որպես ԵՄ անդամ երկրի, Լատվիայի փորձն ու աջակցությունն օգտակար համարել Հայաստանի համար եվրաինտեգրման ճանապարհին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա խոսքերով` Հայաստանի համար ժողովրդավարեցումը այլընտրանք չունի, և դա հասկանում են բոլորը: Աժ փոխնախագահը ներկայացրել է նախընտրական գործընթացները` նշելով, որ օրերս մեկնարկած քարոզարշավում բոլոր կուսակցություններին տրված են հավասար հնարավորություններ:

Հանդիպման ընցթացքում խոսվեց նաև ԼՂ հակամարտության մասին: Դեսպան Գինտս Ապալսն անդրադարձել է Եվրամիության դերակատարությանը խնդրի կարգավորման գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ ԵՄ օժանդակությունը կարող է շատ կարևոր լինել, սակայն խնդրի կարգավորման ամենաարդյունավետ և գործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա համոզմունք է հայտնել, որ խնդիրը ոչ թե ձևաչափի ընտրության մեջ է, այլ` Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի ու ռազմատենչ հայտարարությունների: «ԵՄ-ն մեզ օգնած կլինի, եթե իրերը կոչի իրենց անունով»,-ասաց պրն. Շարմազանովը և պարզաբանել. «Եվրանեսթի» Բաքվում կայացած լիագումար նիստի ընթացքում Իլհամ Ալիևի «ֆաշիստներ» անվանարկումն ուղղված հայերին այդպես էլ քննադատության չարժանացավ եվրոպացի որևէ պաշտոնյայի կողմից:

Հանդիպման վերջում Լատվիայի դեսպանը ևս հաստատել է հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: Այս առումով նա կարևորել է Աժ նախագահի ծրագրված այցը Լատվիայի Հանրապետություն:
 

Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լատվիայի դեսպանին