Տ.Քոչարյան. «Վանյանի քայլն անբարոյականություն է»
13/04/2012 14:57

Տ.Քոչարյան. «Վանյանի քայլն անբարոյականություն է»

«Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար նորմալ բարքեր ունեցող երկրում: Մարաղայի ցեղասպանության օրերին անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, նույն է, որ թուրքական երաժշտության փառատոն անցկացնել Ծիծեռնակաբերդում: Ես դա համարում եմ անբարոյականություն»,- Գյումրիում երեկ չկայացած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նրա ներկայացմամբ, իրենք երեկ հանդիպել են Լևոն Բարսեղյանի հետ, նա ներողություն է խնդրել իրենց տկարամիտ անվանելու համար: Իսկ Տ. Քոչարյանը նրան խորհուրդ է տվել ավելի «ռազբորչիվի» լինել և ամեն մեկին տարածք չտրամադրել: Տ. Քոչարյանի հավաստմամբ, այս պրովոկացիան անընդունելի է այն երկրում, որը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական, իսկ Թուրքիայի հետ սառը պատերազմական վիճակում:

«Երբ Ադրբեջանում կանցկացվի նման փառատոն, մենք կգնանք Վանյանի բոլոր ֆիլմերը կնայենք, իսկ ադրբեջանական փառատոններով հետաքրքրվողներն այդ ֆիլմերը կգտնեն նաև համացանցում»,-ասաց բլոգերը:

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Գեորգի Վանյանն ամեն անգամ զոհի դեր է ընդունում, որպեսզի ստանա իր հովանավորյալների գովասանքը, բայց հասարակության այս արձագանքը շատ ավելի մեծ էր, քան նրան պետք էր. «Ես շատ ուրախ եմ, որ այս միջոցառումը, որը Վանյանը փորձում է անցկացնել 2010թ., տապալվեց Երևանում, Վանաձորում և Գյումրիում: Եվ տապալվելու է ամեն անգամ, երբ նա փորձի որևէ նման բան անել: Մենք ամեն ինչ կանենք, որ Վանաձորում ևս այս փառատոնը չանցկացվի»:

ԱՄՆ-ն, ըստ Քոչարյանի, շատ վաղուց դադարեցրել է Գ.Վանյանի միջոցառումների ֆինանսավորումը, որովհետև հասկացել է, որ գործ ունի մի մարդու հետ, որ ուղղակի խեղկատակ է տվյալ դաշտում:

Տեղեկատվության անվտագության փորձագետ Վահրամ Միրաքյանն էլ իր հերթին նշեց, որ հանդուժողականությունն առաջինը Ադրբեջանին է պետք:

«Հարցը նրա մասին չէ, որ մենք դեմ են ադրբեջանական մշակույթին, բայց այս փառատոնն ուներ ուրիշ նպատակ: Իսկ այն, որ Վանյանը փորձում է հայ-ադրբեջանական երկխոսություն հաստատել, առաջինը դա պետք է Ադրբեջանում: Մենք դեմ ենք հանդուժողականություն քարոզելուն, երբ նրանք ունեն հանդուրժողականության քարոզի կարիք: Վանյանները և Լևոն Բարսեղյանները թող գնան Ադրբեջանում այդ գաղափարները սերմանեն»,-ասաց Վահրամ Միրաքյանը` հավելելով, որ այն մարդիկ էլ, ովքեր որոշել էին մասնակցել այս փառատոնին, ի վերջո հետ կանգնեցին այդ մտքից:
 

Տ.Քոչարյան. «Վանյանի քայլն անբարոյականություն է»