.jpg)
Ամուլսարի քննարկում. Երկփեղկված հասարակություն
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ քննարկում, որին մասնակցում էին հանքը շահագործող Գեոթիմ ընկերության ներկայացուցիչներ, բնապահպաններ, շահագրգիռ կողմեր:
Քննարկմանը ներկա էր «Գեոթիմ» ընկերության հիմնադիր «Լիդիան ինթերնեյշնլի» ղեկավար Թիմ Հոֆֆինը: Նա փորձում էր համոզել, որ Ամուլսարը շահագործելու դեպքում աշխատատեղեր կբացվեն, կանցկացվի սոցիալական ապահովագրության փաթեթ, ընկերությունը կդառնա մեծ հարկատու, բնապահպանական վնասը նվազագույն է, կարճ ասաց` դրախտ:
«Լիդիան ինթերնեյշնլի» ղեկավարը վստահեցրեց, որ «Ամուլսարի ծրագիրը ամենաքիչ բնապահպանական վնասը կհասցնի: Այն Ջերմուկի վրա դրական ազդեցությունից բացի` բացասական ազդեցություն չի ունենա»:
Նախատեսվում է ճանապարհների երկարությամբ բարդիներ և կեչիներ տնկել և այլն: Անկախ փորձագետները փորձաքննության էին ենթարկել Ամուլսարի շահագործման նախագիծը. դրա և օդի փորձաքննության արդյուքնները դեռ վերջնականապաս պատրաստ չեն:
Նշենք, որ Ջերմուկից տասը կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հասարակության կարծիքները երկփեղկված են: Տնտեսական շահագրգռվածություն ունեցող կողմերի համար հանքի շահագործումն ընդունել է, իսկ բնապահպանների համար անընդունելի, քանի որ առողջարանային քաղաքին այդքան մոտիկ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի շարք անդառնալի կորուստների, որոնք ոչնչով հետագայում հնարավոր չի լինի փոխհատուցել: