.jpg)
Զոլյան. Ես պարտավոր եմ չկատարել Աշոտյանի հրամանը
«Ես հաստատվել եմ որպես ռեկտոր ՀՀ կառավարության կողմից, ինձ հետ կնքվել է պայմանագիր, և ՀՀ կառավարությունը պետք է որոշեր ինձ հեռացնել աշխատանքից»,- ասում է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Այսօր առավոտյան նա եկել է աշխատանքի, համոզել ուսանողներին գալ դասի, և մտադիր է սպասելու դատարանի որոշմանը:
Նրա հավաստմամբ` ինչպես և առաջին անգամ, այս անգամ ևս նախարարի հրամաններում առկա են օրենքի կոպիտ խախտումներ, և ինքը պարտավոր է չկատարել այս հրամանը: «Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, եթե աշխատողը ունի առնվազն 3 կարգապահական տույժ, ես ունեմ մեկը, որովհետև մյուսը դատարանում է: Ուստի ես օրենքը չեմ խախտել, քանի դեռ չկա դատարանի համապատասխան որոշումը: Նախարարը կարող է բազմաթիվ հրամաններ ստորագրել, բայց օրենքի համաձայն ես պարտավոր եմ չկատարել օրենքին հակասող որոշումները, և դրա չկատարման համար չեմ կարող ենթարկվել պատասխանատվության»,- ասում է նա:
Նրա խոսքերով` նախարարը, եթե հանդիմաներ, պետք է իրեն հանդիմաներ փորձագետի իր պարտավորությունները չկատարելու համար, իսկ ըստ տրամաբանության ինքը 3 անգամ ավելի շատ ժամանակ պետք է անցկացներ երկրից դուրս: «Այս դահլիճը, որտեղ դուք նստած եք, Կորեայի հանրապետության նվերն է համալսարանին: Մենք միջազգային տարբեր կառույցներից 3 անգամ ավելի շատ ենք ֆինանսավորվում, քան մեր պետբյուջեից: Որպես ԵԽ փորձագետ ես պարտավոր եմ մասնակցել ԵԽ նիստերին, իսկ կառավարությունը` միջազգային իրավունքի համաձայն, իրավունք չունի խանգարելու փորձագետի աշխատանքին: Նախարարը գրել է, որ ուղղակի նպատակահարմար չի գտնում իմ գնալը, բայց դա հրահանգ չի եղել, նա նման հրահանգ տալու իրավունք չուներ»,- ասում է Ս. Զոլյանը:
Բացի այդ, նրա խոսքերով, այն ստուգումները, որոնց համար նրան խիստ նկատողություն է տրվել, ժամանակավրեպ են: «Այն բոլոր խախտումները, որոնք եթե կային էլ, եղել են 2 տարի առաջ և ավելի վաղ, մինչդեռ օրենքով առավելագույնը 6 ամսից առաջ արված խախտումների համար պատասխանատվության ենթարկել չի կարելի»,- ասում է նա:
«Ես 15 տարի ղեկավարել եմ բուհը օրենքով, և ամենաերկար պաշտոնավարած ռեկտորներից մեկն եմ, և միակը, որին տրվել է նախարարի կողմից խիստ նկատողություն: Իմ պաշտոնավարման ընթացքում եղել են շատ դժվար իրավիճակներ, բայց ես դրանք հաղթահարել եմ օրենքով առաջնորդվելու շնորհիվ»,- ասաց նա:
Նշենք, որ ԵՊԼՀ ռեկտորը երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ազատվել է ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնից: