.jpg)
Սերժ Սարգսյանն այցելեց Ջերմուկի «Արմենիա» առողջարանային կենտրոն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելեց Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց նոր կառուցվող հյուրանոց` ջրաբուժարան, և ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ, նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը, նման առողջապահական կենտրոնը Ջերմուկում կառուցվում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի` Հայաստանի տարածքների համաչափ զարգացման մասին դրույթներին համապատասխան: «Այս կառույցը ֆունդամենտալ նշանակություն ունի Ջերմուկի համար, որովհետև հիմնական առողջարանային կենտրոնները կառուցվել էին դեռ խորհրդային տարիներին», -ընդգծեց նա: Ջրաբուժարանի կառուցումը սկսվել է 2009թ.-ի ապրիլին և շինարարությունը նախատեսված է ավարտել 2013թ.-ի հոկտեմբերին:
Իրականացված ներդրումների գումարները կազմում են 2009թ.-ին`140 միլիոն, 2010թ.-ին` 760 միլիոն և 2011թ.-ին` 720 միլիոն դրամ:
Այս տարի նախատեսված է իրականացնել 1,3 միլիարդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ, իսկ հաջորդ տարի` 1,2 միլիարդ դրամի: Ներդրումնային ընդհանուր գումարը կկազմի 4,2 միլիարդ դրամ: