Ցուցահանդես` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը»
18/04/2012 19:09

Ցուցահանդես` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը»

Այսօր «Էրեբունի» պատմահանգիտական արգելոց-թանգարանում նշվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ:

Թանգարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` այն այցելուին է ներկայացնում 15 երկրների 20 հնագիտական վայրեր, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես կարևորել է Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիային, որի 40-րդ տարեդարձը նշվում է այս տարի:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի` որպես մշակութային բազմազանությունների խրախուսման արդյունավետ գործիքի մասին խոսեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը. նա նաև շեշտադրել է համաշխարհային ժառանգության պահպանության գործում տեղական համայնքների դերն ու կարևորությունը:

Միջոցառմանը ներկա ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադարձել է ժառանգության պահպանության պատասխանատվության խնդրին` նշելով. «Մենք կհարատևենք այնքան` որքան պահպանված կլինի և կհարատևի մեր ժառանգությունը»:

Ժառանգության հայ պահապաններին շնորհավորել և ներկաներին ողջունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Վասիլիկի Դիկիպուլոն: Նշելով, որ Հունաստանի մշակույթը դա աշխարհի մշակույթն է` նա կոչ է արել համատեղ ջանքերով նպաստել աշխարհի ժառանգության պահպանությանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հաղորդմամբ, «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը ներկայացնում է հնագիտական վայրեր Հունաստանից, Պերուից, Հունգարիայից, Գվատեմալայից, Իրանից, Թունիսից, Թուրքիայից, Նորվեգիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Աֆղանստանից և Գերմանիայից: Ցուցադրությունը սկսվում է Զվարթնոցի հնավայրի ներկայացմամբ, որը 2000 թվականին գրանցվել Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ցուցահանդեսի 1-ին այցելուներն այսօր «Ունիսոն» հասարակական կազմակերպության անդամներն էին, որոնք թանգարան մուտք գործեցին թանգարանի կողային ճակատից դեպի ցուցասրահ տանող նորակառույց թեքահարթակով: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց անունից իր երախտագիտությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին և արգելոց-թանգարանին` մշակութային այս օջախն իրենց հասանելի դարձնելու համար: Թանգարանը հյուրընկալել էր նաև «Փարոս» կամերային երգչախմբին, որի համերգային ծրագիրն ավարտվեց «Էրեբունի Երևան» երգով:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ. սեպտեմբերի 1-ը: 

Ցուցահանդես` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը»