«Եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, երգի տոնը կփոխվի»
18/04/2012 14:57

«Եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, երգի տոնը կփոխվի»

«Ցեղասպանության ճանաչման ինտենսիվությունը մեծանում է, դա կապված է ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ գերտերությունների կողմից հայկական հարցն օգտագործվում է իրենց շահերի համար, և եթե ուզենք էլ՝ դրանից խուսափել չենք կարող։

Քաղաքագետի կարծիքով ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ պետք է առաջ տանել նաև ՀՀ անվտանգության ու ԼՂՀ խնդրի ճանաչումը։

Լ. Շիրինյանն ընդգծեց, որ հայկական հարցի շուրջ թուրքական քաղաքականությունը բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կրել։ Դրա ձևերն են միայն փոխվել, իսկ Թուրքիայի դեմոկրատացում ասվածի հետ էլ ինքը որևէ հույս չի կապում։

«Մեր պայքարը մերն է, դա մեր ճակատագիրն է, այն չպիտի կապենք մեր ինքնության հետ՝ այն դարձնելով մեր կյանքն ու կենցաղը։ Կարևորը Հայաստանի հզորացումն է»,- ասաց Լ. Շիրինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը հաջողություններ կգրանցի միայն այն դեպքում, երբ խոշոր տերությունների վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ փոխվի։

«Եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, համաշխարհային քաղաքականության մեջ երգի տոնը կփոխվի»,- ընդգծեց Լ. Շիրինյանը։
 

«Եթե ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը, երգի տոնը կփոխվի»