.jpg)
Ձեռնարկ` հայ ընտրողների համար
Այսօր Երևանում հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ աջակցությամբ հրատարակված ուղեցույցը, որում ամփոփ ներկայացվում են Հայաստանում մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը, գործունեությունն ու նպատակները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակից հաղորդում են, որ ուղեցույցը պատրաստվել է «Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ» հասարարական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության» ծրագրի աջակցությամբ:
«Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է իրազեկված որոշում կայացնելու համար և կնպաստի մասնակցային ընտրական գործընթացին», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Սամվել Մխիթարյանն էլ հավելել է. «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմների, ծրագրերի ու նպատակների մասին անաչառ և համակողմանի տեղեկատվության տրամադրումը կարևոր է: Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը և քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն է կուսակցությունների համար` լինել հավասարապես ներկայացված հանրությանը»:
Այժմ միայն հայերեն հրատարակությունն ունի շրջանառություն վեց հազար տպաքանակով և կտարածվի քաղաքական կուսակցությունների, տեղական դիտորդություն իրականացնող ՀԿ-ների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության լայն շրջանակներում: Շուտով լույս կտեսնի անգլերեն էլեկտրոնային տարբերակը:
Նման ուղեցույց նաև հրատարակվել էր Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և դրական գնահատվել ընտրական գործընթացների շահառուների կողմից: