«Այս ընտրարշավը քաղաքական համակարգի հասունության ապացույցն է»
18/04/2012 14:41

«Այս ընտրարշավը քաղաքական համակարգի հասունության ապացույցն է»

«ՀՀԿ-ն քննադատությունից չի վախենում և պատրաստ է այն լսել»,-այսօր Եղեգնաձորում ելույթ ունենալով ընտրողների առջև` ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Ամբողջ կյանքիս ընթացքում ես չեմ խուսափել ինձ հասանելիք պատասխանատվության բաժնից: Ավելին, մշտապես ուրիշի ակնկալածից ավելին եմ ստանձնել և արել, արել եմ, որպեսզի ծրագրերս իրականություն դառնան»,-ընդգծեց Ս. Սարգսյանը:

ՀՀԿ առաջնորդը նշեց, որ ինքն անձամբ է ղեկավարում այս ընտրարշավը և դա անում է լրջագույն պատասխանատվությամբ: Ս. Սարգսյանը ասաց, որ ինքը այստեղից ուզում է պատասխանել այն չարակամներին, որոնք փորձում են ասել, որ ՀՀԿ-ից այլ կարող ուժեր չկան և որ նախագահը մենակ է իրականացնում քարազորշավը.«դա իրականությանը չի համապատասխանում»:

ՀՀԿ-ն իր քարոզարշավն իրականացնում է` ընդգրկելով հազարավոր մարդկանց, որոնք գյուղերում և քաղաքներում իրենց պատկերացումներն են ներկայացնում: ՀՀԿ առաջնորդը ասաց, որ բնականաբար, ինքն է կիզակետում, որովհետև ինքն է այդ կուսակցության առաջնորդը և շատ մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչու կուսակցության համար շատ կարևոր պահի ինքը քաշվում է երկրորդ պլան: «Երբեք ես այդպիսի պատասխանատվությունից չեմ խուսափել, չեմ խուսափում և չեմ խուսափելու»,-նշեց Ս. Սարգսյանը:

ՀՀԿ առաջնորդը ասաց, որ իրենք բազմիցս դիմել են համագործակցության առաջարկներով քաղաքական բոլոր ուժերին, որոշ դեպքերում հաջողություններ են գրանցել և ստեղծել լուրջ, ժամանակի քննությունը բռնող ձևաչափեր.«Մենք գտնում ենք, որ համագործակցությունը հակասությունից շատ ավելի լավ է և դա արդյունավետ աշխատելաոճ է»:

Ըստ Ս. Սարգսյանի, ՀՀԿ-ն ծանրակշիռ քաղաքական ուժ է, իրեն նեղացկոտություն թույլ չի տալիս.«Այսօր կայացել է Հայաստանի քաղաքական համակարգը և այս ընտրարշավը մեր քաղաքական համակարգի հասունության լավագույն ապացույցն է»:
 

«Այս ընտրարշավը քաղաքական համակարգի հասունության ապացույցն է»