.jpg)
Վլադիմիր Սարուխանյանը` «թուրքական» մրցավարության զոհ
Աստիճանաբար եզրագծին է մոտենում Տրապիզոնում անցկացվող բռնցքամարտի վարկանշային մրցաշարը: Քառորդ եզրափակիչ մտած Հայաստանի երեք մարզիկներից առաջինը ռինգ ելավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ): Նրա և շոտլանդացի Ջոշ Թեյլորի մենամարտի ընթացքի մասին ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցի հետ հեռախոսազրույցում պատմել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը:
«Երբ մրցակիցները ռինգ ելան, ամբողջ դահլիճն սկսեց վանկարկել` Թեյլոր, Թեյլոր… Բայց Սարուխանյանը չընկճվեց, դեռ ավելին` բազմապատկված եռանդով սկսեց իր գործն անել: Գյումրեցին բոլոր ռաունդներում հետապնդում էր «փախչող» մրցակցին` նրան հարվածներ հասցնելով: Կողային մրցավարներն այդ ամենը կարծես չէին նկատում ու մշտապես մեկ-երկու միավորի առավելություն էին ապահովում շոտլանդացու համար: Երրորդ ռաունդում դահլիճում աղմուկն արդեն անտանելի դարձավ, իսկ կողմնակալ մրցավարները մեծ առավելություն ունեցող Սարուխանյանի հարվածները գրանցում էին Ջոշի օգտին, որին էլ, ի վերջո, շնորհեցին հաղթանակը:
Այս պահին ես մենամարտի եմ նախապատրաստում 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանին, իսկ պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գտնվում են գլխավոր մրցավարի մոտ` Վլադիմիր Սարուխանյանի մարտի արդյունքը բողոքարկելու համար»,- նշել է Ֆեդյա Ալեքսանյանը: