Զուրաբյանն առաջարկեց միասնական շտաբի անունից հայտարարություն անել
18/04/2012 14:19

Զուրաբյանն առաջարկեց միասնական շտաբի անունից հայտարարություն անել

Ընտրությունների վերահսկողության հանրային շտաբի շուրջ միավորված կուսակցությունների ներկայացուցիչներն այսօրվա նիստում ներկայացրին իրենց կուսակցությունների կողմից լիազորված այն մարդկանց, ովքեր որպես կուսակցության մշտական ներկայացուցիչներ կաշխատեն այս շտաբում։

Վարդան Օսկանյանը, որպես ԲՀԿ մշտական ներկայացուցիչ, ներկայացրեց Վահե Էնֆիաջյանին։ Վ. Օսկանյանը նաև հավելեց, որ ժամանակն է, որպեսզի շտաբի աշխատանքներն ավելի ակտիվանան, քանի որ արդեն իսկ բազմաթիվ խախտումներ են արձանագրվում, որոնց շուրջ շտաբը պետք է քայլեր ձեռնարկի։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ի կողմից շտաբի մշտական ներկայացուցիչ է նշանակվում Ստեփան Մինասյանը։ «Չենք բացառում, որ այլ ներկայացուցիչներ էլ կունենանք»,- ասաց Լ. Զուրաբյանը, դա պատճառաբանելով նրանով, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն արձանագրել խախտումները, այլև դրանք ներկայացնել ԵԱՀԿ դիտորդներին։

Անդրադառնալով «Ժառանգության» մասնակցությանը շտաբի աշխատանքներին` Լ. Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը «Ժառանգության» ստորագրությունը համարում է ուժի մեջ, քանի որ հակառակի մասին որևէ հայտարարություն չի հնչել, ուստի «Ժառանգություն»-ը մնում է շտաբի լիիրավ անդամ։ Ապա ՀԱԿ համակարգողը ներկաների ուշադրությունը հրավիրեց 7-րդ ընտրատարածքում տեղի ունեցած հայտնի դեպքերին և առաջարկեց Միասնական շտաբի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ մշտական ներկայացուցիչը կլինի Ավետ Աբրահամյանը, իսկ նրա բացակայության դեպքում նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը։

Ա.Ռուստամյանը, խոսելով «Ժառանգության» դիրքորոշման շուրջ, նշեց, որ դա միայն «Ժառանգության» խնդիրն է՝ ներկա լինել, թե չլինել նիստերին։ ««Ժառանգության» բարձրացրած հարցերը լուծված են։ Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կարծիքը հայտնել են լիազոր ներկայացուցիչների մասին, ուստի որևէ պատճառ չեմ տեսնում իրենց չմասնակցելու համար։ Այս ձևաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի առջև, և եթե իրենք ուզում են այս նպատակի շուրջ աշխատել, որևէ խնդիր չեմ տեսնում»,- նշեց Ա. Ռուստամյանը։



 

Զուրաբյանն առաջարկեց միասնական շտաբի անունից հայտարարություն անել