.jpg)
«Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի առաջին փուլը
«Ամերիա» ՓԲԸ-ն ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պատվերով իրականացնում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը: Ներկայացված ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից՝ Ճապոնայի կառավարության կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով:
Ընկերության մամուլի բաժնից հայտնում են, որ ծրագիրը նախատեսում է միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակել դատարանների գործունեության մոնիթորինգի մեթոդաբանություն և Հայաստանում ներդնել նման համակարգ: Արդարադատության համակարգի արդյունավետության, ինչպես նաև դատարանների կողմից կատարվող աշխատանքի որակի բարձրացման նպատակով մոնիթորինգի և/կամ գնահատման համակարգի ներդնումը դարձել է անհրաժեշտություն Հայաստանի դատական համակարգի հետագա զարգացման և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության աստիճանի բարձրացման համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել դատական գործառնությունների և ծառայությունների արդյունավետությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, դատական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաև ապահովել իրավական և դատական տեղեկատվության հասանելիությունը` դատական իշխանության անկախության սկզբունքի խստագույն պահպանմամբ: Աշխատանքների կատարման ընթացքում հաշվի կառնվեն Հայաստանի դատական համակարգի բոլոր առանձնահատկությունները:
«Ամերիա» ՓԲԸ իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշել է. «Ամերիան երկարաժամկետ պատմություն ունի նմանատիպ խորհրդատվական ծրագրերի իրականացման մեջ և այս ծրագիրը տրամաբանական շարունակությունն է նախկինում իրականացված ծրագրերի: Կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ շեշտադրումներ կատարել, որպեսզի ապահովվի ինչպես դատական համակարգի անկախությունը, այնպես էլ դատական համակարգի հաշվետվողականությունը հանրությանը: Եթե իրականացվի դատական համակարգի ճիշտ մոնիթորինգ և գնահատում, ապա դրա հետ մեկտեղ նաև ժամանակի ընթացքում կբարձրանա պատասխանատվությունը: Այդ առումով շատ կարևոր է ծրագրի արդյունքը և հետագա ընթացքը…
Դատաիրավական բարեփոխումների գլխավոր խնդիրը դա դատական իշխանության դերի բարձրացումն է, հանրության վստահության բարձրացումը դատական համակարգի նկատմամբ: Դատական համակարգի կայացումը դա հենասյունն է պետության կայացման ճիշտ ուղու: Կարելի է արձանագրել, որ կան դրական տեղաշարժեր և ես հույսով եմ, որ բարեփոխումները և հետագա զարգացումները նույնպես դրական կլինեն»:
«Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը բաղկացած է մի քանի թեմատիկ փուլերից, որոնք ներառում են Հայաստանում դատարանների մոնիթորինգի իրականացման մոտեցումների ներկա իրավիճակի ուսումնասիրություն, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություններ, մեթոդաբանության մշակում, դրա փորձարկում և ներդրում: Ծրագրի իրականացման ընթացքում Ամերիան սերտորեն համագործակցելու է ինչպես պետական շահառու մարմինների, այնպես էլ Հայաստանի փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ:
Ծրագրի շրջանակներում նախատեսված էր առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո կազմակերպել սեմինար քննարկում` նպատակ ունենալով շահագրգիռ կողմերին ներկայացնել ձեռքբերումները, միջազգային փորձը, ինչպես նաև քննարկում ծավալել Հայաստանում դատարանների մոնիթորինգի ծրագրի առավել գործնական մեխանիզմների և մոտեցումների մշակման ուղղությամբ:
Այդ նպատակով մայիսի 11-12-ը Ծաղկաձորում կազմակերպվել է սեմինար, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, ՀՀ փաստաբանների պալատից, ՀՀ քաղաքացիկան վերաքննիչ դատարանից, «Դատաիրավական ԾԻԳ» պետական հիմնարկից, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, GIZ և Trancparency International Anti-corruption Center միջազգային կազմակերպություններից, դատավորներ և տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ամերիայի փորձագետները ներկայացրել են մասնավորապես Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի, Անգլիայի և Ուելսի փորձը այդ ոլորտում; Դավիթ Սարգսյանը նշել է նաև, որ կհավաքագրվեն սեմինարի ընթացքում ներկայացված բոլոր կարծիքները և լուծումները, որ կտրվեն Ամերիայի կողմից, հիմնված կլինեն լավագույն փորձի և հայաստանյան իրականության վրա:
«Դատաիրավական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Արթուր Թունյանը նշել է. «Խնդիրը հենց նրանում է, որ դատարանները պետք է հաշվետու լինեն, և հանրությունը պետք է հնարավորություն և գործիքներ ունենա վերահսկել դատարարնների գործունեությունը, այդ թվում կոնկրետ դատարանի, կոնկրետ դատավորի: Այսօրվա դրությամբ ուղղակի սահմանված կարգավորում չկա, թե ինչպես հանրությունը կամ փաստաբանների պալատը կամ այլ պետական մարմինները կարող են իրականացնել մոնիթորինգ, միակ գործիքը, որ որոշակիորեն գործում է, դա սահմանափակ քանակությամբ վիճակագրական տվյալներն են դատական դեպարտամենտի կողմից մշակվող և հանրությանը տրամադրվող: Սակայն դրա որակը և քանակը կարծում եմ բավարար չեն, միջազգային պրակտիկան ընդունում է շատ ավելի լայն վիճակագրական տվյալների հրապարակում և հանրությանը հետաքրքրող ու հուզող հարցերի պատասխանների տրամադրում»:
Սեմինարն ընթացել է բուռն քննարկումներով, ներկայացված առաջարկություններն ու բոլոր կարծիքները Ամերիան կամփոփի և կօգտագործի ծրագրի մշակման ընթացքում, որի նախագիծը ևս կներկայացվի հասարակության ընդլայնված քննարկմանը:
Նախատեսվում է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագիրը ավարտել մինչև տարեվերջ: