.jpg)
Փոխվարչապետն ընդունել է Քուվեյթի շեյխուհի ալ Սաբահին
ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Քուվեյթի Պետության շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահ Ֆարիհա ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության համաձայն` փոխվարչապետը ողջունել է հյուրին Հայաստան այցելելու կապակցությամբ` նշելով, որ հայկական կողմը կարևորում է Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների խորացումը: Նրա խոսքով` վերջին տարիներին նկատելի քայլեր են իրականացվում այդ ուղղությումբ` մասնավորապես հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում: Երկկողմ համագործակցությունը նաև ընդգրկում է հումանիտար ոլորտը, և Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ շեյխուհու այցելությամբ այս ոլորտում երկու երկրների միջև գործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:
Շեյխուհի ալ Սաբահը ներկայացրել է իր տպավորությունները` տեղեկացնելով, որ այցի շրջանակում եղել է մշակութային օջախներում, ծանոթացել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը և տպավորված է տեսածով: Նա անդրադարձել է նաև Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու մտադրությանը: «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն բարեգործական տարբեր ծրագրեր է իրագործում ոչ միայն Քուվեյթում, այլև նրա սահմաններից դուրս: Ծրագրերի շահառուները հիմնականում աջակցության կարիք ունեցող կանայք, երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են: Շեյխուհին նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:
Փոխվարչապետը ողջունել է նման մտադրությունը և այն իրագործելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել` նկատելով, որ ՀՀ կառավարության համար ևս առաջնային են այդ խնդիրները: