.jpg)
Դատախազը ծեծել է լրագրողին. Ոստիկանությունն ասելու ոչինչ չունի
Մայիսի 12-ին «Ռեգնում»-ի երևանյան գրասենյակի խմբագիր Ռուբեն Գրձելյանին Դատախազության Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մովսես Մանրիկյանի կողմից ծեծի ենթարկվելու հետ կապված Aysor.am-ը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն` տեղեկանալու խնդրի առանչությամբ իրավիճակին և մի շարք հարակից մանրամասների:
Ոստիկանության լրատվականից դեպքը չմեկնաբանեցին և խորհուդ տվեցին դիմել Դատախազություն:
Դատախազությունում տեղեկացրին, որ միջադեպի վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, Երևանյան գրասենյակի խմբագիր Գրձելյանին մայիսի 12-ին, ժամը 23:00-ի շրջանում դաժան ծեծի են ենթարկել մի քանի հոգի, որոնց թվում, ինչպես հետագայում պարզվել է, եղել է նաև Կոտայքի մարզի քննության օրինականության վերահսկողության դատախազ Մովսես Մանրիկյանը:
Հարձակվողները ծեծել են Ռուբեն Գրձելյանին՝ մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը:
Միջադեպից անմիջապես հետո Ռուբեն Գրձելյանը Երևանի Էրեբունու բաժանմունքում հայտարարություն է տվել, անցել է բուժհետազոտություն: Հայտարարություն տալու ժամանակ, լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների շարքում եղել է օրենքի բարձրաստիճան ծառան:
Այդ հանգամանքը պարզվել է հաջորդ առավոտյան, որի վերաբերյալ վկայել են ականատեսները, ինչպես նաև Գրձելյանի կոլեգաների կողմից անցկացրած լրագրողական հետաքննությունը: Հարձակվողները ենթադրաբար հարբած են եղել: