.jpg)
Նիկոյանն ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի բաժնից, ողջունելով հյուրերին ` պարոն Նիկոյանը վսահություն է հայտնել, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջև եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ և ջերմ է որակել հաստատված հայ-կորեական և միջխորհրդարանական հարաբերությունները` կարևորելով դրանց շարունակականությունն ու խորացումը: Նա ընդգծել է Ազգային ժողովների` որպես ներկայացուցչական մարմինների, դերը խորհրդարանական դիվանագիտության ընդլայնման ուղղությամբ` ինչը, ըստ նրա, համընդհանուր խաղաղության և բարեկամական մթնոլորտի հաստատաման գրավականներից է:
Պարոն Նիկոյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջև արդեն իսկ գոյություն ունեցող լավ փոխհարաբերությունները. 2009 թվականին ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հարավային Կորեա, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության և փոխըմբռնման հուշագիր` նոր ազդակ տալով երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Արդյունավետ են գործում նաև խորհրդարանական բարեկամական խմբերը. կորեական կողմը այցելել է ՀՀ Ազգային ժողով, նոր ուղղություններ են նախանշվել երկկողմ համագործակցության համար:
Երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական կապերի հետագա աշխուժացումը, ինչպես նաև` համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Սամվել Նիկոյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել և ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԿՀ ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն նշել է, որ վերջին քսան տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս:
Նշենք, որ հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երևանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, և Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ: Երկու երկրներում էլ ձևավորվում են նոր խորհրդարաններ և երկուստեք հույս է հայտնվել, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ առկա է մեծ ներուժ Հայաստանի և Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առևտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Նա նաև հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատև խաղաղութան` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար: