.jpg)
Կորեացի պատգամավորը Հայոց եղեռնի մասին գիրք է գրել
Այսօր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ընդունել է Կորեայի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:
ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաև պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրել է իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանության մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար այդքան հոգեհարազատ երկրում և հուզվում եմ, որ պիտի այցելեմ Ծիծեռնակաբերդ ու աղոթեմ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար»,-նշել է Նահ Յոուն Մին: Նա իր գրքի օրինակ նվիրել է ԱԺ նախագահին:
Շնորհակալություն հայտնելով պատգամավորին հայանպաստ գործունեության համար` պարոն Նիկոյանը նշել է. «Այդպիսի դիրքորոշում կարող է ունենալ հզոր մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչը, ով մտածում է համամարդկային արժեքներով:
Որևէ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը` հանցագործություն է մարդկության դեմ, և առաջադեմ պետություններն ու մարդիկ են, որ պայքարում են դրա դեմ»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ևս բարձր է գնահատել առկա երկկողմ կապերը, խոսել դրանց հետագա խորացման անհրաժեշտության մասին:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոն և նրա գլխավորած պատվիրակության անդամները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացել են հայ գործընկերների աշխատանքների առանձնահատկություններին ու պայմաններին: