.jpg)
Ու. Ֆեմբրո. «Կարծում եմ, երաժշտությունը կմիավորի մեզ»
Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաժշտական լարային անսամբլը համերգային ծրագրով առաջին անգամ Հայաստանում է: Նրանք այսօր՝ ժամը 15:00-ին, ելույթ կունենան Ծիծեռնակաբերդում: Նաև մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում նրանք ելույթ կունենան ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի անդամների հետ: Նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանի խոսքով, խմբի անդամները, իմանալով, որ մենք առաջին երկիրն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, ցանկություն են հայտնել կնքվել Էջմիածնում: «Դա դեռ ծրագիր է, հուսով եմ, կկարողանանք իրականացնել»,-ասաց Ն. Գաբրիելյանը:
«Այս այցը երկու երկրների համագործակցության համար շատ լավ հնարավորություն է: Մեզ հովանավորել է Եվրոպայի երիտասարդական ընկերությունը, և ցանկանում ենք համագործակցություն հաստատել նաև երկու երկրների երիտասարդների միջև: Կարծում եմ, երաժշտությունը կմիավորի իրենց: Մենք գալիս ենք շատ փոքր քաղաքից, բայց ունենք շատ բարձր երաժշտական մշակույթ»,-ասաց Հալմստադի երաժշտական դպրոցի տնօրեն Ուլֆ Ֆեմբրոն:
Թեև Հայաստանի մասին շատ բան չգիտեին, բայց նրա խոսքով, Հայաստան գալուն նպաստեց այն, որ իրենց նվագախմբում կար հայաստանցի Անուշը:
«Մեզ համար շատ տարօրինակ է, որ Ցեղասպանությունը ընդունելու մտքին եկանք բավականին ուշ, բայց ուրախ ենք, որ պետականորեն դա հաստատվեց: Մեզ համար դա շատ կարևոր է, և մենք մեծ ոգևորությամբ ենք սպասում մեր խմբի ելույթին Ծիծեռնակաբերդում»,-ասաց նա:
Նախատեսված են խմբի համերգային ելույթները նաև մայիսի 17-ին Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, Ջրվեժի եկեղեցում կմասնակցեն պատարագի և կստանան հաղորդություն:
Մայիսի 16 ճին կայանալիք համերգի ժամանակ կհնչի ֆինլանդական, շվեդական, նորվեգական և հայկական երաժշտություն:
Նշենք, որ խումբն այստեղ է մայիսի 12-ից և կմեկնի մայիսի 19-ին: