Վլ. Կարապետյանը ուղերձ է հղել Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչներին
14/05/2012 17:58

Վլ. Կարապետյանը ուղերձ է հղել Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչներին

Թիվ 2 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հետընտրական ուղերձ է հղել Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչներին, որում նա ամփոփում է քարոզարշավը.

«Նոր Նորքի և Ջրվեժի հարգելի բնակիչներ

Այդպես էի ձեզ դիմում քարոզարշավի ընթացքում, որն իմ կյանքում ամենանշանակալից ժամանակաշրջանը դարձավ: Այս քարոզարշավը հնարավորություն ընձեռեց ինձ ծանոթանալու ձեզանից շատերին, ձեզ ներկայացնելու իմ պատկերացումները` թե երկրի արմատական բարեփոխումների, և թե մեր համայնքի զարգացման ուղղությամբ:

Անչափ շնորհակալ եմ այն աջակցության համար, որը ստացա ձեզանից, որն արտահայտվեց ոչ միայն իմ օգտին քվեարկությամբ, այլև` ամնեօրյա ջերմ շփումներով: Ինձ համար թանկ է ձեր կողմից ինձ տված յուրաքանչյուր ձայնը:

Մայիսի 6-ին վարչախումբը կատարեց իր հերթական ապօրինությունը` ազատ ընտրությունները վերածելով մի գորշ միջոցառման, որի հիմքում մարդու ազատ կամաարտահայտության ոտնահարումն է: Բիրտ ուժով, ընտրակաշառքի պարտադրմամբ ընտրողներին նախ ուղեկցեցին տեղամասեր, ապա ստիպեցին քվեարկել այն ուժի օգտին, որի գործունեության արդյունքում Հայաստանը բոլոր ոլորտներում համատարած նահանջ է ունեցել: Ընտրողներին նաև պարտադրեցին ընտրել անձանց, որոնց մարդկային և քաղաքական գործչի որակները, ինչպես, օրինակ, մեր ընտրատարածքում էր, չեն համապատասխանում ժամանակակից երկրի պահանջներին:

Քարոզարշավի ողջ ընթացքում ես հորդորել եմ ընտրողներին ուսումնասիրել թեկնածուների կենսագրությունը, անցած ճանապարհը, չտրվել անհիմն խոստումներին, չընտրել գողի և մանր խարդախի հոգեբանությամբ առաջնորդվող անձին: Ցավում եմ, որ, այնուամենայնիվ, պատգամավոր է գրանցվելու իշխող կոալիցիայի հովանավորությունը ստացած մի անձնավորություն, որի գործելակերպը չի տարբերվում նրա շատ ու շատ մականունավոր թիմակիցներից: Այլապես նա չէր հրաժարվի իր քաղաքական անցյալից, իսկ ընտրությունների ժամանակ էլ` չէր մտնի Ձեր՝ ընտրողների գրպանը` անվճար օգտվելով պարտադիր վարձավճար պահանջող ծառայություններից, հարկերից խուսափելու նպատակով չէր հայտարարագրի 2.000 օրինակ թանկարժեք քարոզչանյութեր` այն դեպքում, երբ Նոր Նորքի ավելի քան 20.000 բնակարան են մտել դրանք:
Հիմա նման որակներով անձնավորությունը` ԱԺ-ում բարձրագոչ ելույթներով շարունակելու է մոլորեցնել ժողովրդին և նախաձեռնել նորանոր մեքենայություններ: Մարդ, ով հրաժարվում է իր անցած քաղաքական ճանապարհից, վաղը կդավաճանի նաև այսօրվա քաղաքական տանիքը: Բայց մի վհատվեք և փորձեք աշխատացնել նույնիսկ մարդու նման տեսակին:

Կեղծված ընտրությունները չեն նվազեցնելու իմ՝ որպես Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցչի վճռականությունը` պայքարելու ավելի լավ Հայաստանի համար: Ես շարունակելու եմ լինել հասանելի բոլորի, հատկապես սիրելի Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Վլ. Կարապետյանը ուղերձ է հղել Նոր Նորքի և Ջրվեժի բնակիչներին