Ֆրանսիացի սենատորների համար միևնույն է Ադրբեջանի արձագանքը
25/05/2012 20:33

Ֆրանսիացի սենատորների համար միևնույն է Ադրբեջանի արձագանքը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը մայիսի 25-ին հանդիպել է ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենի, Ֆիլիպ Մարինիի և Բերնար Ֆուրնիեի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի բաժնից:
Ֆրանսիացի սենատորները տեղեկացրել են, որ իրենք սիրով են ընդունել Լեռնային Ղարաբաղի հրավերը, այցելել ու շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, պատգամավորների և նախարարների հետ, ծանոթացել են ԼՂ ժողովրդի ձգտումներին ու այդ երկրի հիասքանչ բնությանը: Նրանք արձանագրել են, որ հաճելիորեն զարմացած են Արցախի ժողովրդի տոկունությամբ, հետևողականությամբ ու հատկապես ջերմ ընդունելությամբ:

«Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ կատարած ձեր ուղևորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը հուսախաբ չի արել ձեզ»,- ասել է պարոն Ռուստամյանը և ապա մեղմ հումորով նկատել,- ադրբեջանական «սև ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»:

«Մեզ համար միևնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,- ժպիտով արձագանքել է սենատոր Ֆիլիպ Մարինին:

Պարոն Ռուստամյանն անդրադարձել է դեռևս Խորհրդային պետության փլուզումից առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված ժողովրդական շարժմանը, ներկայացրեց խորհրդային և միջազգային օրենքներին համապատասխան` անկախության հանրաքվեով ինքնորոշված Ղարաբաղի ձեռքբերումները, Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը, խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, միջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր ևս:
 

Ֆրանսիացի սենատորների համար միևնույն է Ադրբեջանի արձագանքը