.jpg)
«Մեր հաղթանակների պատմությունները». Հաղթողը ստացավ համակարգիչ
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) պարգևատրել է Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի հաղթողին: Մրցույթն անց է կացվել Facebook սոցիալական ցանցում` https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia պաշտոնական էջում:
Ընկերության մամուլի բաժնի փոխանցմամբ` մրցույթում հաղթող է ճանաչվել երևանցի Շողիկ Վարդանյանը, ով շահել է Samsung GT-P6200 պլանշետային համակարգիչ: «Մենք սրբորեն ծառայել ենք մեր Հայրենիքին». Զինվորի և ուսուցչի պատմություն» վերնագրով հաղթած աշխատանքը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմի վետերան, աշխատանքի վետերան և վաստակավոր մանկավարժ 92-ամյա Մակիչ Դալլաքյանին:
Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մակիչ Դալլաքյանը կռվել է մինչև 1944 թ, իսկ երբ հատուկ հրամանով զորացրվել են բոլոր մանկավարժները, մշտական բնակություն է հաստատել Երևանում: Նա նշանակվել է մայրաքաղաքի թ.34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է 30 տարի:
Հաղթողի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում: Հանձնելով մրցանակը, «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց. «Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, որոնք իրենց հարցազրույցներում ներկայացրել են մեր հերոսների փառավոր ուղին: Ձեր աշխատանքները թույլ են տալիս իմանալ ավելին և ներկայացնել երիտասարդ սերնդին մեր պապերի և հայրերի սխրագործությունները, մարտական հաղթանակները, պարգևներն ու փառավոր ուղին, որը նրանք անցել են ի փառս մեր երկրի»:
Մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին: