«ԼԳԲՏ-ները ենթարկվում են բռնության ԵԽ գրեթե բոլոր երկրներում»
25/05/2012 17:56

«ԼԳԲՏ-ները ենթարկվում են բռնության ԵԽ գրեթե բոլոր երկրներում»

Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ նշվում է.

«ԼԳԲՏ անձինք դեռևս ենթարկվում են անհանդուրժողական վերաբերմունքի և սոցիալական պատնեշների Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ բոլոր երկրներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ փրայդ շքերթների նկատմամբ կիրառվող չարդարացված արգելքներ և վարչական խոչընդոտներ: Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես օրինակ աշխատանքային իրավունքի իրացման հետ կապված խտրականության խնդիրներ: ՄԻԵԴ-ի կողմից քննման ենթակա մի շարք գործեր առնչվում են «միասեռականության քարոզի» հետ կապված մեղադրանքների և կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների: Նման օրենսդրության ընդունումը հաճախ սկսվել է տեղական կամ մարզային մակարդակներում, սակայն վերջին ամիսներին որոշ երկրներում արձագանք է գտել նաև համազգային մակարդակում:

Մարդու իրավունքների հանձնակատարի 2011թ. սեպտեմբերի զեկույցը` ԵԽ անդամ 47 երկրներում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված խտրականության վերաբերյալ, վեր է հանում մի շարք լրացուցիչ խնդիրներ, ինչպես օրինակ կրթության և առողջապահության ոլորտների ծառայություններից օգտվելը, գենդերային ճանաչումը, ինչպես նաև ընտանեկան կյանքի ճանաչումը: Այն մատնանշում է նաև քաղաքական գործիչների թույլ տված հոմոֆոբիկ հայտարարությունները:

Բազմաթիվ անդամ երկրներ վերջին տարիներին կարևոր առաջադիմական քայլեր են ձեռնարկել ԼԳԲՏ անձանց օրենքի առջև հավասարությունն ապահովելու ուղղությամբ, օրինակ ապօրինի որակելով սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը և ընդունելով նույնասեռական քաղաքացիական միությունները: Եվրոպական մակարդակում մենք նշանակալի առաջընթաց ենք արել` երկու տարի առաջ ընդունելով տվյալ հարցի վերաբերյալ Նախարարների Կոմիտեի հանձնարարականը, ինչպես նաև այս մարտին կազմակերպելով կոնֆերանս Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում:

Եվրոպայի Խորհրդում մենք արձագանքում ենք մեր կառույցների, ինչպես նաև Քարտուղարության շրջանակներում ստեղծված ԼԳԲՏ բաժնի միջոցով: ԵԽ-ն ներկայումս աշխատում է վեց երկրների հետ` Ալբանիա, Մոնտենեգրո, Իտալիա, Սերբիա, Լատվիա և Լեհաստան, այս հարցի վերաբերյալ ծրագրերի ստեղծման շուրջ, և ես քաջալերում եմ այլ երկրների ևս միանալ այս նախաձեռնությանը:

Նախ և առաջ, ազգային իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու իրենց երկրների կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում արձագանքելով տեղական և մարզային մակարդակներում արվող բացասական քայլերին: Քաղաքական ղեկավարները ևս պատասխանատվություն են կրում անմիջապես և խստորեն արձագանքելու ընդդեմ անհանդուրժողականության և հոմոֆոբիայի ցանկացած դրսևորման, հատկապես երբ դրանք թույլ են տրված այլ քաղաքական գործիչների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«ԼԳԲՏ-ները ենթարկվում են բռնության ԵԽ գրեթե բոլոր երկրներում»