Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
25/05/2012 19:36

Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին և Բերնար Ֆուրնիեին:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:

Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու և առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին:

Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան և Արցախ իրենց այցելությունից և կիսվել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորություններով: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
 

Արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը