Հմայակ Հովհաննիսյանը` ինքնաբացարկի պատճառների մասին
25/05/2012 14:30

Հմայակ Հովհաննիսյանը` ինքնաբացարկի պատճառների մասին

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում մանրամասնում է ինքնաբացարկ ներկայացնելու իր պատճառները.

«Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում:

Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝ ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:

Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում և «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցյալի և ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը:

Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին և շնորհալիներին:

Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցուներին, սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: Ուստի, գիտակցելով ձեր առջև պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից և հայտարարել ինքնաբացարկ:

Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:

Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել` աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված»,-ասված է հայտարարության մեջ:
 

Հմայակ Հովհաննիսյանը` ինքնաբացարկի պատճառների մասին