Քննարկման մասնակիցները սատարում են ԼՂՀ դիրքորոշմանը
25/05/2012 17:32

Քննարկման մասնակիցները սատարում են ԼՂՀ դիրքորոշմանը

Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտը, նրա տնօրեն Կոնստանտին Զատուլինի ղեկավարությամբ, անցկացրել է կլոր-սեղան` «Կովկասին ուղղված ներքին և արտաքին սպասնալիքները Մերձավոր և Միջին Արևելքում առկա ճգնաժամի պայմաններում» թեմայով, որին մասնակցել են տարածաշրջանի ռուս առաջատար փորձագետներ, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Ադրբեջանի, Աբխազիայի դեսպանությունների ներկայացուցիչներ:

Կլոր-սեղանի աշխատանքին ԼՂՀ կողմից մասնակցել են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ Ռուբեն Զարգարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը: Իր ելույթում Ռուբեն Զարգարյանը վերլուծության է ենթարկել Թուրքիայի կողմից նկատվող սպառնալիքները և նրա սադրած հակամարտությունները տարածաշրջանի երկրների նկատմամբ, Ադրբեջանի տարածքային նկրտումները իր բոլոր հարևանների նկատմամբ և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ժխտումը: Զեկուցողը հիմնավորել է ԼՂՀ դերն ու նշանակությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, մերկացվել` Բաքվի վարչախմբի հակաիրավական փորձերը` կասկածի տակ դնելու ԼՂՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ընդգծվել է, որ ԼՂՀ վերջնական ճանաչման ձգձգումը լրջորեն բարդացնում է միջպետական հարաբերությունները, արձանագրվել է, որ միջազգային իրավունքը հրամայաբար պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն: Ռուբեն Զարգարյանը ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության միջազգային-իրավական կարգավորման վերաբերյալ, ինչն ակտիվորեն պաշտպանել են  բոլոր մասնակիցները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապեստության գոյության ժխտման` Ադրբեջանի դեսպանության քարոզչական փորձերը մերկացվել են համաժողովի բազմաթիվ մասնակիցների կողմից, ովքեր իրենց ելույթներում ընդգծել են, որ Հարավային Կովկասում կան միջազգային իրավունքի վեց սուբյեկտներ, իսկ ԼՂՀ-ն տարածաշրջանի ամենակայացած և ամենակայուն պետություններից մեկն է:

Քննարկման մասնակիցները սատարում են ԼՂՀ դիրքորոշմանը