.jpg)
«Ազատ դեմոկրատները» հանդիպեցին Քրիսթոֆեր Անդերսենի հետ
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: