.jpg)
Ս. Նիկոյան. Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իրավունքը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց իրավունքը և չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից: Նա վստահություն է հայտնել, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական, կայացած պետություն է: Խորհրդարանի նախագահը կարևորեց միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը: «Ղարաբաղի մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,- նշել է պարոն Նիկոյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունը, իրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:
Նշվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջև պատմամշակութային դարավոր կապերը և ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարևորվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլև դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան այս հարցում հետևողական կլինի:
Սամվել Նիկոյանն անդրադարձել է նաև միջխորհրդարանական երկկողմ համագործակցությանը, նշելով ձևավորված լավ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Կարևորվել է փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: