Շեքսպիրից հետո առաջին անգամ. «Ջոն արքան» «Գլոբուս» թատրոնում
25/05/2012 18:57

Շեքսպիրից հետո առաջին անգամ. «Ջոն արքան» «Գլոբուս» թատրոնում

ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ, ս. թ. մայիսի 16-ին և 17-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մեծագույն հաջողությամբ հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում՝ «Ջոն արքա» ներկայացումով:

Այդ առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին սունդուկյանցիները ներկայացրեցին իրենց հաջողություններն ու տպավորությունները հեղինակավոր և դեռևս շեքսպիրյան ժամանակների ավանդույթներն առ այսօր սրբորեն և խստագույնս պահպանող «Գլոբուս» թատրոնից:

Ըստ փառատոնի տնօրինության առաջադրած պայմանների՝ «Գլոբուսի» բեմում բեմադրություններն ընթացել են բացառապես բնական լուսավորության ներքո, առանց բեմական ձևավորման, պարտադիր 2 ժամ 10 րոպե տևողությամբ, երաժշտության կենդանի կատարումով և մասնակից երկրի մայրենի լեզվով /հանդիսատեսին տրամադրվել է միայն պիեսի համառոտագրությունը` անգլերենով/: Կազմակերպիչների կողմից սահմանափակվել է նաև դերասանական կազմը. ելնելով թատրոնի բեմական հնարավորություններից «Ջոն արքայի» 24 կերպարների փոխարեն «Գլոբուսում» հանդես են եկել 10-ը դերասան և 3 երաժիշտ /երաժշտությունը գրվել է հատուկ այս ներկայացման համար և օգտագործվել են ազգային նվագարաններ. կլարնետ, դուդուկ, զուռնա, շվի, դհոլ/:

Հիշեցնենք, որ փառատոնի կազմկոմիտեն աշխարհի ավելի քան 200 երկրների թատրոններից ընտրել է 37 լավագույներին, այդ թվում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Ի դեպ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի տեղեկացմամբ «Ջոն արքան» Շեքսպիրի օրերից ի վեր՝ «Գլոբուս» թատրոնում մինչ այս երբևէ չէր ներկայացվել: Հատկանշական է նաև, որ Հայաստանի մասնակցությունը բարձր է գնահատվել փառատոնի տնօրինության կողմից: Տնօրեն Թոմ Բըրդի և գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլի հավաստմամբ սունդուկյանցիների խաղը եղել է անզուգական, իսկ պիեսի լուծումները՝ հետաքրքիր ու գտնված: Սունդուկյանցիների «Ջոն Արքային» բազմիցս անդրադարձել է նաև լոնդոնյան մամուլը:
Իսկ հայ թատերասեր հանրության համար «Ջոն Արքայի» երևանյան առաջնախաղը դեռ առջևում է:
 

Շեքսպիրից հետո առաջին անգամ. «Ջոն արքան» «Գլոբուս» թատրոնում