.jpg)
Փորձագետ.«Պետք է շատ ավելի մեծ կորուստներ պատճառենք հակառակորդին»
«Ադրբեջանն իր ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար խնդիրը տեղափոխում է սահման»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքին և հայկական զինված ուժերի պատասխանին` ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանն այս սադրանքից հետո` հաջորդ օրը, հայտարարեց իր 5 զոհերի մասին, ինչը աննախադեպ էր, քանի որ ադրբեջանական կողմը մինչ այդ միշտ թաքցրել է իր ունեցած զոհերի մասին տեղեկությունները:
Ա.Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմի վերջին գործունեությունն իրականացվել է դիվերսիոն խմբի կողմից, իսկ ադրբեջանական դիվերսիոն խմբերը պատրաստություն են անցնում Թուրքիայում. «Մինչ այդ Ադրբեջան էին այցելել Թուրքիայի զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչները և այդ այցի և ադրբեջանցիների դիվերսիոն գործունեության մինչև ուղիղ կապ կա»:
Ռազմական փորձագետի խոսքերով, տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրել է 25 զոհ, սակայն թաքցնում են այդ տեղեկությունները: Հայկական զինված ուժերն այս օրերին արժանի հակահարված են հասցրել ադրբեջանական զինված ուժերին:
Ըստ նրա, խնդիրը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ է, այլ դա հայ-թուրքական խնդիր է:
Նա ասաց, որ ադրբեջանցիները, այդ գործողություններին դիմելով, փորձում են ստուգել հայկական կողմի մարտունակությունը և զգոնությունը.«Պետք է շատ ավելի մեծ կորուստներ պատճառենք հակառակորդին և ավելի լավ լուսաբանել ադրբեջանական հասարակությանը, թե ինչ են կատարում իրենց իշխանությունները սահմանին»: