.jpg)
Freedom House. Հայաստանում՝ առաջընթաց
«Freedom House» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2012» (Nations in Transit) զեկույցը, որում դիտարկում է ժողովրդավարական առաջընթացը: Այս մասին տեղեկացնում է «Freedom House» կազմակերպության պաշտոնական կայքը:
Ամենամյա զեկույցում դիտարկվում են ժողովրդավարության ցուցանիշները Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում:
Համաձայն զեկույցի, այն երկրները, որոնք Սառը Պատերազմի ավարտից հետո ձեռք են բերել ժողովրդավարական բնագավառում հաջողություն, հիմա լուրջ խոցելիություն են ցուցաբերում երիտասարդ ժողովրդավարակն համակարգում:
«Վերջին 5 տարիներին, լճացումն ակներև է ԵՄ նոր անդամ և Բալկանյան երկրներում: Հունգարիան նման միտման վառ օրինակն է: Ուկրաինայի ցուցանիշները նույնպես դեպի վատթարացում են գնում:
Եվրասիաական ոչ մի երկրին չի հաջողվել ձերբազատվել հին կառավարության սովորույթներից և վերջ դնել քաղաքական և տնտեսական մենաշնորհին»,- նշված է զեկույցում:
«Ընդհանուր առմամբ, եվրասիական բոլոր երկրներում ժողովրդավարական ցուցանիշները կամ անկում են գրանցել, կամ էլ անփոփոխ են մնացել:
Արաբական Գարունն իր արձագանք գտավ այնպիսի բռնապետական երկրներում, ինչպիսիք են Բելառուսը, Ադրբեջանը, և Ղազախստանը, որն էլ հանգեցրեց ավելի դաժան հալածանքների քաղաքացիական հասարակության նկատմամբ: Դատական համակարգը որպես գործիք ավելի լայն կիրառվեց»,- նշված է զեկույցում:
Համաձայն զեկույցի, անկում գրանցած երկրների շարքում են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուկրաինան:
Առաջընթաց գրանցածների շարքում են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ղրղզստանը: Ժողովրդավարական զարգացման մակարդակը անփոփոխ է մնացել Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Ռուսաստանում: